ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը քննարկում են պատանդների թիվը, որոնց ազատ կարձակեն 1-ին փուլում. Ynet

Իսրայելական պատվիրակությունը երկուշաբթի մեկնել է Կատար՝ բանակցելու համար Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ազատման համաձայնագրի շուրջ։ Այս մասին տեղեկացրել է Ynet լրատվական պորտալը՝ հղում կատարելով բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյային, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պաշտոնյան պատմել է, որ ձեռնարկվում են ջանքեր դեկտեմբերի վերջին համաձայնագրի կնքման համար։ «Դետալների մեծ մասը համաձայնեցված է, բայց հիմնական վեճը պատանդների թիվն է, որոնք պետք է ազատ արձակվեն առաջին փուլում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ բանակցություններն այժմ «կենտրոնացած են պատանդների թվի և անձերի վրա», նշել է լրատվական ռեսուրսը։

Ավելի վաղ սաուդյան Al Hadath հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կարող են հասնել համաձայնության պատանդների արձակման վերաբերյալ արդեն դեկտեմբերի վերջին։ Վկայակոչելով անունը չնշած աղբյուրներին՝ հեռուստաալիքը նշել է «զգալի առաջընթացի» մասին Գազայի վերաբերյալ վերջնական համաձայնագրի ճանապարհին։

Երկուշաբթի Ynet-ը, հղում կատարելով ՀԱՄԱՍ-ի անունը չնշած անդամին, տեղեկացրել էր, որ Գազայում հրադադարի և պատանդների ազատ արձակման բանակցություններում ձեռք է բերվել «աննախադեպ առաջընթաց»։