ԶՊՄԿ-ն հրապարակեց կայուն զարգացման 3-րդ հաշվետվությունը
Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ներկայացրեց իր կայուն զարգացման հերթական, անընդմեջ 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ առաջիկա տարիների թիրախների եւ անելիքների վերաբերյալ։
Հաշվետվության հրապարակմանը հրավիրված էին հանքարդյունաբերական ոլորտի մասնագետներ, հասարակական կազմակերպությունների, պետական գերատեսչությունների, դեսպանատների ներկայացուցիչներ, որոտի կրթական- գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման ժամանակ հնչեց ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղերձը, որում նա մասնավորապես նշել է․ «Մեր կայուն զարգացման ռազմավարությունը ներառում է բոլոր ուղղություններով՝ բնապահպանություն, սոցիալական և կառավարչական, միջազգային ընդունված չափանիշների աստիճանական ներդրում: Մենք գիտակցում ենք, որ սա կարճաժամկետ ժամանակահատվածում իրականացվելիք խնդիր չէ․ միջազգային լավագույն չափանիշների ներդրումը գործընթաց է, որը պահանջում է հետևողական և քրտնաջան աշխատանք: Եվ դա այն է, ինչին մենք ձգտում ենք հասնել կայուն կառավարման մեր հետևողական քաղաքականությամբ»:
Նա նաև նշեց, որ կայուն զարգացումը նոր տեխնոլոգիաների և արտադրողականության կառավարման ոլորտում ժամանակակից մոտեցումների ներդրման անբաժանելի մասն է։ Սա ընկերության զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի, արտադրողականության աճի և արդյունավետ ռիսկերի կառավարման ինտեգրված մոտեցում է:
Կայուն զարգացման հաշվետվությունը ներկայացրեց ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Նա ընդգծեց, որ զեկույցը պատրաստվել է GRI-ի Կայուն զարգացման ոլորտում հաշվետվողականության ստանդարտների և Կայուն զարգացման ոլորտում հաշվառման չափանիշների խորհրդի (SASB) կայուն զարգացման մասին հրապարակման սկզբունքների և մոտեցումներին համապատասխան։ Զեկույցը ներկայացնում է Հայաստանի ու ընկերության հարակից համայնքների տնտեսական և սոցիալական կյանքում Ընկերության ներդրումը և մանրամասնում է նրա գործունեության բնապահպանական և սոցիալական բաղադրիչները։
Հաշվետվութան մեջ առանձնացված են 2023 թվականին ընկերության ձեռքբերումները՝ կայուն զարգացման ոլորտում։ Արմեն Ստեփանյանը նշեց, որ առաջընթաց է գրանցվել աշխատանքի անվտանգության և առողջության ոլորտներում, ներդրվել են աշխատավայրում անվտանգության և առողջության պահպանման մակարդակի բարձրացմանն ուղղված նոր ընթացակարգեր՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։

