Երբ «ազգ-բանակ»-ի փոխարեն շրջանառվում է «ազգ-«նահատակ»-ը, ուրեմն պետք է վերացնել այդ վճարի գանձման պրակտիկան

Ի՞նչ տրամաբանական և կիրառական հետևանքներ կարող է և պետք է ունենա վերջերս հնչեցված` «ազգ-բանակ» կոնցեպտից հրաժարման գաղափարը։

Նախ հիշենք, որ այդ հասկացությունը շրջանառության մեջ դրվեց և սկսեց պրակտիկ նշանակություն ստանալ 2016թ. քառօրյա պատերազմից հետո, այն ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Դրա շրջանակներում ներդրվեց քաղաքացիներից «ԶԻՆՎՈՐԻ ՓՈՂ» գանձելու կամ նրանց կողմից «կամավոր» հիմունքներով վճարելու պրակտիկան` յուրաքանչյուրից հազարական դրամի չափով։ Այնուհետև, 44-օրյա պատերազմից հետո դա «կատարելագործվեց», գումարները ավելացան և «զինվորի փողը» քողարկվեց «ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐ» անհասկանալի ու խաբուսիկ անվան տակ։ Այդպիսով այն դարձավ գրեթե պարտադիր ՀԱՐԿԱՏԵՍԱԿ և զգալի բեռ փոքր բիզնեսի, ինչպես նաև աշխատող քաղաքացիներից շատերի համար։ Հետևաբար, երբ այժմ «ազգ-բանակ» կոնցեպտի փոխարեն շրջանառության մեջ է դրվում «ԱԶԳ-«ՆԱՀԱՏԱԿ» հասկացությունը, ուրեմն տրամաբանական և ճիշտ ժամանակն է վերացնել այդ վճարի գանձման պրակտիկան։ Ասածս հիմնավորվում է նաև նրանով, որ եթե «ազգ-բանակ» կոնցեպտի կիրառման պարագայում կա «վտանգ», որ մեր թշնամիները մեր դեմ կարող են գեներացնել բազմաթիվ «ազգ-բանակներ», ապա նույն տրամաբանությամբ մեր դեմ կարող են գեներացնել նաև արդեն ԲԱԶՄԱՄԻԼԻԱՐԴ «դրոշմանիշային վճարներ»` դրանից բխող բոլոր հետևանքներով..։

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյան