Ադրբեջանը ապրում է «պատմական Ադրբեջանի» օրակարգով, որը հակադրվում է «իրական Հայաստանին»․ Սերգեյ Մելքոնյան (տեսանյութ)
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք չի եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող «Հարավային Կովկաս. Ռեգիոնալ անվտանգություն և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովին լրագրողներին ասաց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, Կիրառական քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (APRI, Հայաստան) գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Արևմտյան Հայաստան» և «Արևմտյան Ադրբեջան» եզրույթների միջև զուգահեռներ անցկացնելու մասին հայտարարությանը։
Նա նշեց, որ դա ադրբեջանական կողմից նոր նկրտումներ են մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ. «Հայաստանը պաշտոնապես չէր արձագանքել դրան, բայց փորձում է դնել «Արևմտյան Հայաստանի» հետ նույն մակարդակին։ Փաստացի դա նշանակում է, որ փորձում են Հայաստանը ներկայացնել «իրական Հայաստանի» օրակարգում։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը ապրում է այսպես կոչված «պատմական Ադրբեջանի» օրակարգով, որը հակադրվում է «իրական Հայաստանին»։
Այդ դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում։ Հետևաբար, եթե Հայաստանը որդեգրում է իրական Հայաստանի օրակարգ, Ադրբեջանն էլ պետք է որդեգրի այդ մոտեցումը, բայց այնտեղ հակառակը՝ խոսում են իրենց պատմական նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ մենք պետք է իրական կյանքով ապրենք։ Այս հակասությունը չի կարող բերել խաղաղության»,- ասաց Ս. Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։
Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։
Մանրամասները՝ տեսանյութում
LIVEnews.am,

