Աղմուկը թաքնված սպառնալիք է մարդու առողջությանը. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պարզել են, որ 85 դԲ (դեցիբել) բարձր ֆոնային աղմուկը կարող է հրահրել սիրտ-անոթային և մարսողական համակարգերի պաթոլոգիաները, ինչպես նաև խաթարել ուղեղի և լսողական օրգանների միջև հաղորդակցությունը: gazeta.ru-ի հաղորդմամբ, արդյունքները հրապարակվել են The Lancet գիտական ամսագրում։
Աղմուկի աղտոտումը ճանաչվել է որպես շրջակա միջավայրի վրա կործանարար ֆիզիկական ազդեցության ձև, որը նման է օդի աղտոտմանը:
Հետազոտողները աղմուկը սահմանում են որպես թրթռիչներ, որոնք անցնում են օդով և գտնվում են մարդու լսողության ընկալման տիրույթում: Ընդունելի մակարդակը գերազանցող բարձր ձայները, հատկապես երկարատև ազդեցության դեպքում, առողջության համար լուրջ վտանգավոր են:
Դրանք կարող են առաջացնել ականջի զնգոց, ուղեղի և լսողության օրգանների միջև հաղորդակցության խաթարում: Ծանր դեպքերում աղմուկը հանգեցնում է լսողության ամբողջական կորստի: Համաձայն ԱՀԿ տվյալների, Եվրոպայում յուրաքանչյուր յոթերորդ չափահաս մարդ տառապում է ականջի զնգոցով:
Բացի լսողական խնդիրներից, աղմուկի աղտոտվածությունը ազդում է սրտանոթային և մարսողական համակարգերի վրա: Բարձր ձայներից առաջացած քնի խանգարումները կարող են առաջացնել սթրես, նյարդային համակարգի խնդիրներ և իմունիտետի թուլացում, ինչը մեծացնում է քրոնիկական հիվանդությունների զարգացման վտանգը։
Բարձր և շարունակական ինտենսիվության ձայներն ու աղմուկը խաթարում են լսողական ապարատը, քայքայում նյարդային կենտրոնները, առաջացնում ցավ, շոկ, նյարդային ու հոգեկան շեղումներ և, նույնիսկ՝ մահ: Երկարատև աղմուկը բացասաբար է ազդում լսողության օրգանի վրա՝ նվազեցնելով ձայնի նկատմամբ զգայունությունը, հանգեցնում է սրտի, լյարդի և այլ օրգանների գործունեության խաթարման, օրգանիզմի նյարդաբջիջների հյուծման և գերլարման: Թուլացած նյարդաբջիջները չեն կարող հստակ և կանոնավոր համակարգել օրգանիզմի որոշակի կամ, նույնիսկ, բոլոր համակարգերի աշխատանքը: Արդյունքում օրգան-համակարգերի գործունեության լուրջ խաթարումներ են լինում։
Աղմուկն ունի, այսպես կոչված, կուտակային ազդեցություն. ակուստիկ ձայնային գրգռիչը, կուտակվելով օրգանիզմում, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է ընկճում նյարդային համակարգը։
Հետևաբար, բավականին հաճախ, տարբեր աղմուկների ազդեցության հետևանքով, առաջանում է կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում։
Վաղուց նշվել է, որ նյարդահոգեբուժական հիվանդությունների մակարդակն ավելի բարձր է աղմկոտ պայմաններում աշխատող ու աղմկոտ միջավայրերում ապրող մարդկանց շրջանում, քան նրանց, ովքեր բնակվում ու աշխատում են նորմալ միջավայրերում:
Գիտնականները կոչ են անում ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքներում աղմուկի մակարդակի նվազեցմանը և քնի պայմանների բարելավմանը` առողջության վրա բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելու համար:

