Սկզբում 50 000 դրամ, ապա՝ 40 000, հետո՝ 30 000. 2025 թ․ արցախցիների համար կգործի աջակցության նոր ծրագիր

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով՝ 2025 թվականի հունվարից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր։ Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակված նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։

Որոշման շրջանակում աջակցությունը կտրամադրվի հետևյալ չափերով՝

2025 թ․ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց։

2025 թ․ ապրիլ-հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ՝ հետևյալ առանձին խմբերի համար՝

  • մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
  • 63 և ավելի տարեկաններ,
  • կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակվի 30,000 դրամի չափով՝ վերևում նշված շահառուների խմբերի համար։

Եթե ԼՂ հայրենակիցներն արդեն իսկ օգտվում են 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չեն ունենա։