Ես ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել․ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
ԱՀԹ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը գրում է․
«Հատուկ կարճմիտների, կամ նրանց համար, ովքեր չհասկացան երեկվա ուղերձս:
Կարեն Վարդանյանն իմ հոգևոր եղբայրն է, Նազենի Հովհաննիսյանը՝ իմ հոգևոր քույրը, և մենք բոլորս, ուզեք, թե չուզեք, ի Քրիստոս քույր և եղբայր ենք, քանի որ Տիրոջն ընդունում ենք որպես մեզ Հայր: Ավելին, այս երկու անձերն էլ եղել են իմ ընտանեկան հարկից ներս և հակառակը՝ ես եմ եղել իրենց հարկից ներս, բացի այդ, այս երկու անձերն էլ եղել են և են Արև երեխաների աջակիցն ու բարեկամը:
Ես ոչ մեկին ոչ առջևից գրկել եմ, ոչ էլ թիկունքից հարվածել: Ես միշտ մնացել եմ իմ հոգևոր առաքելությանը և կոչմանը հավատարիմ և քարոզել Քրիստոսին:
Դուք ուղղակի սովոր չեք կամ չեք սիրում հարցը հոգևոր դաշտում սիրով լուծել և սեր քարոզել, դուք սովոր եք բամբասելուն, քննադատելուն, բռնությանը, պատժին, ծեծին, ասֆալտին փռելուն:
Ձեզանից ամենամեղավորը ես եմ, որովհետև դեռ հոգևոր տկարություն ունեմ, բայց ապաշխարում եմ և ձգտում հասնել կատարելության՝ վստահ լինելով, որ Աստված կների, որովհետև սիրում է ինձ և կամենում իմ փրկությունը:
Ում հետ առանձին ինչ եմ խոսել, իրենց և իմ իրավունքն է, որը հանրայնացնելու և քննարկման առարկա դարձնելու իրավունք մեզանից ոչ մեկը չունի:
Խնդրում եմ ձեզ՝ հանդուրժող եղեք, ներող եղեք և սիրեք ձեզ նմանին: