Վերարտադրողական ֆունկցիայի խանգարումները լուրջ խնդիր են․պրոֆեսորն ահազանգում է
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկել է «Վերարտադրողական խնդիրների գենետիկա» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը:
ԵՊԲՀ Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը նշել է․ «Մեր բնակչության շրջանում, ցավոք, բավականին հաճախ են հանդիպում տարբեր գենետիկական հիվանդություններ։ Այդ առումով կարևոր է գենետիկների՝ այն մարդկանց դերը, ովքեր կարողանում են ախտորոշել այդ հիվանդությունները ժամանակին, ընդ որում՝ նաև պրենատալ փուլում՝ դեռևս ծննդաբերությունից առաջ, և ընտանիքների ձևավորման փուլում։ Այսօրվա բժշկագիտության զարգացումը թույլ է տալիս մեզ դա անել ցանկացած փուլում։ Երկրորդ, արդեն կյանքի ընթացքում պերսոնիֆիկացված բժշկության տեսանկյունից գերկարևոր է գենետիկական հիվանդությունների ոչ միայն ախտորոշումը, այլև բուժումը։ Մենք ունենք օնկոլոգիական հիվանդություններ, որոնց և՛ ախտորոշման, և՛ թիրախային բուժման նպատակով էական են գենետիկական հետազոտությունները», – ընդգծեց պրոռեկտորը։
Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Թամարա Սարգսյանի խոսքով՝
մեր երկրում վերարտադրողական ֆունկցիայի խանգարումները լուրջ խնդիր են։ Պրոֆեսորը ներկայացնել է վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն՝ ծնելիության մակարդակը մեր երկրում անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 7,7%-ով, պտղաբերության մակարդակը կազմել է 1,7%; աճել է մահացած ծնունդների քանակը՝ 9,7%; անպտղության մակարդակը կազմել է 16,8%։ «Սրանք կրիտիկական թվեր են՝ համաձայն ԱՀԿ չափանիշների։ Սա լրջագույն խնդիր է մեր երկրում», – մտահոգություն է հայտնել պրոֆեսորը։

