Վրացական ընդդիմությունը հայտարարել է նոյեմբերի 4-ին բողոքի ակցիա անցկացնելու մասին

Նոյեմբերի 4-ին ժամը 19:00-ին Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում նախագահական խարտիան ստորագրած կուսակցությունները հանրահավաք կանցկացնեն՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով։ Համատեղ մամուլի ասուլիսում համապատասխան հայտարարություն է արել «Ուժեղ Վրաստանի» առաջնորդներից Աննա Դոլիձեն, հայտնում է SOVA-ն։

«Կհանդիպենք երկուշաբթի, ժամը 19:00-ին, Ռուսթավելիում, և այնտեղ մանրամասն կխոսենք գործողությունների ծրագրի մասին, թե ինչպես օրենքով, օրինական, խաղաղ, բայց կազմակերպված կերպով մեր բողոքի ակցիան կշարունակվի»,- ասել է նա:

Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք չեն ճանաչում ԿԸՀ-ի կողմից հայտարարված ընտրությունների արդյունքները, համապատասխան որոշում են կայացրել «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի գրասենյակում համատեղ խորհրդակցություններից հետո։ Այս խորհրդակցություններին մասնակցել են «Միասնություն-Ազգային շարժում», «Հանուն Փոփոխությունների և Հզոր Վրաստանի» կոալիցիայի առաջնորդները։