Ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն. Կոբախիձե
Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրանցվել է երրորդ երկրների աննախադեպ միջամտություն, վրացական «Իմեդի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Օտարերկրյա ֆինանսավորումը Վրաստանում օգտագործվում է քաղաքական նպատակներով: Այս ընտրություններին արձանագրվել է դրսից աննախադեպ միջամտություն, այդ թվում՝ օտարերկրյա փողերի միջոցով», – մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը։
Որպես արտաքին միջամտության օրինակ՝ վարչապետը բերել է ընդդիմության նախընտրական հանրահավաքն ու համերգը, որը տեղի է ունեցել Թբիլիսիում հոկտեմբերի 20-ին՝ ընտրություններից վեց օր առաջ։ Կոբախիձեի խոսքով՝ ակցիան ֆինանսավորել են ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք միջոցներ են ստանում արտասահմանից։
Կոբախիձեն նաև հայտարարել է, որ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները մաքուր են անցել, և իշխանությունները պատրաստ են բոլորին տրամադրել դա հաստատող ապացույցներ, գրում է interfax.ru-ն։
«Բոլորը պետք է հաշտվեն այն փաստի հետ, որ Վրաստանը անկախ պետություն է, և ընդունված օրենքները գործում են, մենք բացարձակապես բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են համոզվել, որ մեր անցկացրած ընտրությունները մաքուր են եղել», – ասել է Կոբախիձեն:
Նա նաև ասել է, որ Վրաստանում ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական եզրակացությունը ընդհանուր առմամբ դրական է։
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եզրակացության հետ կապված բազմաթիվ հայտարարություններ կան թե՛ այստեղ, թե՛ դրսում, որ առաքելությունը մեր ընտրությունները չի անվանել արդար և ազատ, բայց այս կազմակերպությունն իր զեկույցներում նման տերմինաբանություն չի օգտագործում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունն ընդհանուր առմամբ դրական է արտահայտվել: Մամուլի ասուլիսում միջազգային դիտորդներն ուղղակիորեն խոսել են ընտրությունների օրինականության մասին»,- ասել է Կոբախիձեն:

