ԱԺ ընդդիմությունը նախաձեռնել է հրատապ նիստ՝ պահանջելու ԱԺ-ից՝ հանդես գալ հայ ռազմագերիների ազատ արձակման կոչով
«ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ՝ ԱԺ հրատապ նիստ գումարելու. հարցը վերաբերում է նրան, որ ԱԺ-ն հայտարարություն ունի Բաքվում գտնվող ռազմագերիների եւ պատանդառված անձանց ազատ արձակման կոչով»,- այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա տեղեկացրեց, որ հավանաբար, այդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին:
Սաղաթելյանն ընդգծեց, որ աշխարհում այս հարցով կա օրակարգ, տարբեր խորհրդարանականներ, կառավարություններ, միջազգային իրավունքի կազմակերպություններ նման կոչով հանես են եկել. «Եթե Հայաստանում չլինի նման կոչ, տարօրինակ կլինի։ Ուզում ենք ցույց տալ, որ հանրությունը պահանջում է»,-ասաց նա։
Սաղաթելյանը նաև հիշեցրեց, որ վաղը՝ ժամը 14.00-ին, ՀՅԴ ԳՄ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների դեսպանատների, նաև ԱԳՆ-ի դիմաց՝ կրկին կոչ անելով միջազգային կազմակերպություներին և COP-29-ին մասնակցող պատվիրակներին՝ հանդես գալ նույն կոչով և ճնշումներ գործադրել Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանն ազատ արձակի ռազմագերիներին։