Եթե հիմա ընդդիմությունը կոտրի Հանրային ռադիոյի դուռը, վերաբերմունք կունենամ՝ թող անի, իսկ 2018-ի դեպքով չունեմ. Հանրային ռադիոյի տնօրեն

«Ես այսօր Ազգային ժողով եմ  եկել փող խնդրելու, որովհետև ունեմ 320 աշխատող, 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ, տեխնկական ու վարչական աշխատողներ, ստանում են շատ ցածր աշխատավարձ։ Այդ բալանսը որոշ չափով վերականգնելու համար, ես ասել եմ ՝մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվում, եթե գործադիրը, օրենսդիրը բարի գտնվեն, ավելացնեն մեր բյուջեն, ոչ մի բան չի լինի, եթե ոչ՝ ստիպված կգնանք կրճատումների։  Մենք հիմա փողի կարիք ունենք»,

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնակատար Արմեն Քոլոյանը։

Լրագրողները պաշտոնյայից հետաքրքրվեցին, թե նորմա՞լ է համարում, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ կոտրեց Հանրային ռադիոյի դուռը:

«Ես այդ ժամանակ աշխատում էի Պրահայում՝ «Ազատություն» ռադիոկայանում, ես ոչ մի վերաբերմունք չունեմ դրան: Ես չեմ ասում՝ դա լավ է, թե վատ է: Ես ասում եմ, որ ոչ մի վերաբերմունք չունեմ»,-ասաց նա:

Հարցին՝ եթե ընդդիմությունը նույնն անի, վերաբերմունք կունենա՞, Ա. Քոլոյանը պատասխանեց. «Կունենամ, կունենամ, թող անի, թող անի»։