Զելենսկին հնարավոր է համարել ՌԴ-ի հետ բանակցությունները Հնդկաստանում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կարող է ազդել Ուկրաինայում պատերազմի ավարտի վրա և հնարավոր միջնորդ դառնալ Հնդկաստանի տարածքում Ռուսաստանի հետ հաշտության  բանակցություններում՝ «ուկրաինական ձևաչափին» համապատասխան։ Այդ մասին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է The Times of India թերթին տված հարցազրույցում։

«Անկասկած, դա (բանակցությունները) կարող է լինել Հնդկաստանում, և վարչապետ Մոդին իսկապես կարող է դա անել…. բայց կարծում եմ՝ մենք պետք է պատրաստվենք…. և միայն մեր ձևաչափով, որովհետև պատերազմը մեր հողում է…. Մենք ունենք հարթակ, որը խաղաղության գագաթնաժողովն է», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Մոդիի կողմից բանակցությունների անցկացման հնարավորության վերաբերյալ հարցին։

Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինայի համար արդեն երրորդ ծանր ձմեռն է։ Անդրադառնալով Մոդիի այն հայտարարությանը, որ նա պատրաստ է աշխատել Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղղությամբ, Զելենսկին գործողությունների կոչ է արել։