Լուկաշենկոն հայտարարել է, թե Պուտինը Բելառուսի տարածքից ներխուժել է Ուկրաինա՝ առանց իր թույլտվության
2022 թվականի փետրվարին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի զգուշացրել իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա Բելառուսի տարածքից։ Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։
«Եղել են զորավարժություններ մի քանի հազար ռուս զինվորների մասնակցությամբ։ Պուտինը սկսեց դուրս բերել այդ զորքերը, որոնք գտնվում էին Բելառուսի հարավում՝ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով: Ինչ-որ պահի նա ուղղեց այդ զորքերի մի մասը Կիև: Ես վստահ եմ, որ նրանց սադրել են»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով, թե ինչպես ռուսական զորքերը կլքեն Բելառուսի տարածքը, որոշում էր միայն Պուտինը։ Նա դա կարող էր կատարել Կիևով կամ Մինսկով, նշել է Լուկաշենկոն։ Լրագրողի հարցին, թե Բելառուսի նախագահը այդ պահին զանգահարե՞լ է Պուտինին՝ պարզաբանելու, թե ինչ է կատարվում։ «Ոչ. Նա ինձ չզանգեց։ Եվ ես նրան չզանգեցի։ Դրանք իր զորքերն էին, և նա իրավունք ուներ դրանք տեղափոխել այնտեղ, որտեղ կամենար»,- ասել է Լուկաշենկոն։
Ավելին, պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանը մարտավարական միջուկային զենք է տեղակայել Բելառուսում։ Սակայն Լուկաշենկոն վստահեցրել է, որ առանց իր համաձայնության Պուտինը չի կարողանա օգտագործել այդ զենքերը Ուկրաինայի դեմ հակամարտությունում։ Նա ինքը պատրաստ է դրան դիմել «միայն այն դեպքում, եթե մեկ [օտարերկրյա] զինվոր ոտք դնի Բելառուսի տարածք»։ «Մենք չենք պլանավորում հարձակվել որևէ մեկի վրա»,- վստահեցրել է Լուկաշենկոն։

