Սինվարը սպանվելու պահին իր մոտ ունեցել է ՄԱԿ-ի աշխատակցի անձնագիր. Jpost (տեսանյութ)

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարը սպանվելու պահին իր մոտ ունեցել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) աշխատակցի անձնագիրը։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին հայտնում է The Jerusalem Post թերթը։

Նրա անձնական իրերի մեջ եղել են «Մենթոս» կոնֆետներ և 40 հազար շեքել (մոտ 10,7 հազար դոլար)։

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները հոկտեմբերի 17-ին հայտնել են, որ Սինվարը սպանվել է հոկտեմբերի 16-ին՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողության ժամանակ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե իր երկիրը «մաքրել է հաշիվները» Սինվարի հետ, սակայն «պատերազմը սրանով չի ավարտվել»: Նրա խոսքով՝ Սինվարի սպանությունը կթուլացնի ՀԱՄԱՍ-ին և խմբավորումն այլևս չի ղեկավարի Գազայի հատվածը:

Իրանի առաքելությունը ՄԱԿ-ում հայտնել է, որ Սինվարի մահը օրինակ կլինի Իսրայելին դիմադրող առանցքի համար:
«Երբ մուսուլմանները նայեն մարտի դաշտում կանգնած նահատակ Սինվարին՝ մարտական հագուստով և բաց տարածքում կանգնած, ոչ թե թաքստոցում, դեմ առ դեմ թշնամուն, դիմադրության ոգին կամրապնդվի: Նա օրինակ կդառնա երիտասարդների և երեխաների համար, որոնք կշարունակեն Սինվարի ուղին դեպի Պաղեստինի ազատագրում: Քանի դեռ կա օկուպացիան և ագրեսիան, դիմադրությունը կդիմանա, քանի որ նահատակը մնում է ոգեշնչման աղբյուր»,- գրել է առաքելությունը X-ի գրառման մեջ:

Բեյրութցի Վարդան Խաչատուրյանը հրապարակել է ԱԹՍ-ի նկարահանած տեսանյութը՝ Սինվարի կյանքի վերջին րոպեներից։