Ստամբուլում մեկնարկել է 3+3 հարթակի հանդիպումը․ մասնակցում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

Ստամբուլում այսօր` հոկտեմբերի 18-ին, մեկնարկել է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպումը։

3+3-ը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։

Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը, Սերգեյ Լավրովը, Ջեյհուն Բայրամովը, Հաքան Ֆիդանն ու Աբբաս Արաղչին։

Միրզոյանը Ստամբուլում նաև երկկողմ հանդիպումներ կունենա:

Վրաստանի արտգործնախարարը չի մասնակցում հանդիպմանը։ «Վրաստանը վաղուց հայտարարել է, որ այս ֆորմոտով չի աշխատում»,- օրերս հայտարարել են Վարաստանի արտաքին գործերի նախարարությունից։

Վրաստանը մինչ այս չի մասնակցել հանդիպումներից և ոչ մեկին՝ պատճառաբելով Ռուսաստանի հետ հակասությունները։ Մոսկվան, իր հերթին, հայտարարել է, որ Թբիլիսիի համար 3+3-ի դուռը բաց է մնում։