Ուկրաինան կա՛մ միջուկային զենք կստեղծի, կա՛մ կանդամակցի ՆԱՏՕ-ին. Զելենսկի

Ուկրաինան կա՛մ միջուկային զենք կստեղծի, կա՛մ կանդամակցի ՆԱՏՕ-ին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Ո՞վ է հրաժարվել միջուկային զենքից: Բոլո՞րը. Ոչ, միայն Ուկրաինան: Ո՞վ է այսօր պատերազմում. Ուկրաինան: Եվ դրա համար մեզ մոտ այդպես է։ Դոնալդ Թրամփի հետ զրույցում ես նրան ասացի. «Ո՞րն է ելքը։ Կամ Ուկրաինան միջուկային զենք կունենա, և դա մեզ համար պաշտպանություն է, կամ մենք պետք է ինչ-որ դաշինք ունենանք»: Բացի ՆԱՏՕ-ից, մենք այսօր չգիտենք որևէ արդյունավետ դաշինք»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում ուկրաինական «Գրոմադսկե» պարբերականը:

Պետության ղեկավարը հավելել է, որ Կիևն ընտրել է Հյուսիսատլանտյան դաշինքը, այլ ոչ թե միջուկային զենքի ստեղծումը։ «Ես կարծում եմ, որ Դոնալդ Թրամփը լսել է ինձ այս դեպքում։ Նա ասաց. «Դուք արդար փաստարկներ ունեք», – հավելել է Զելենսկին:

Ըստ Bild-ի վերլուծաբան Ջուլիան Ռոպկեի՝ Զելենսկու հայտարարությունը «ցնցում» էր արևմտյան լրագրողների համար։

Նրա խոսքով՝ մի քանի ամիս առաջ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան պարբերականին և քաղաքական գործիչների նեղ շրջանակի այլ անդամներին ասել է, որ Ուկրաինան չի հաշտվի Կիևի վրա ռուսական բանակի երկրորդ արշավանքի հետ։

«Մենք ունենք նյութեր, ունենք գիտելիք։ Եթե ​​լինի հրաման, մեզնից ընդամենը մի քանի շաբաթ կպահանջվի առաջին ռումբը ստանալու համար: Արևմուտքը պետք է «ավելի քիչ մտածի Ռուսաստանի կարմիր գծերի և շատ ավելին մեր կարմիր գծերի մասին», – ասել է ուկրաինացի պաշտոնյան: