Ազատություն Բաքվում պահվող հայ գերիներին. բողոքի ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին․ ՈՒՂԻՂ
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով մի խումբ քաղաքացիներ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիա են իրականացնում։ Նախաձեռնությանը միացել են ԱՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Յուրի Հայրապետյանը, Ռուբեն Մելիքյանը, Արտակ Բեգլարյանը, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտոնաթող պաշտպաններ Արման Թաթոյանը և Լարիսա Ալավերդյանը։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաները և իրենք ևս միացել են դրան։
«Մենք նկատում ենք, որ որքան մոտենում է համաժողովի օրը, միջազգային դաշտում որոշակի ակտիվություն նկատվում է այս հարցով։ ԵԽ-ում է պլանավորվում այս թեմաներով քննարկում իրականացնել»,-ասաց Ստեփանյանը և նշեց, որ այս օրերին, երբ Ադրբեջանի վրա սևեռված է աշխարհը, պետք է պարտադրել Ադրբեջանին կատարել մարդու իրավունքների միջազգային դրույթները։
«Պահանջը պետք է ներկայացվի հնարավորինս մեծ ճնշումներ գեներացնելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ նախատեսում են ակցիաներ իրականացնել ոչ միայն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ, այլ նաև ՀՀ ԱԳՆ-ի, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիական Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նույն պահանջով նամակներ են փոխանցվելու հասցեատերերին։
«Մենք տեսել ենք, որ Մերձավորարևելյան հակամարտության պարագայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդես է եկել պատանդներին ազատ արձակելու կոչով և հստակ պահանջով։ Նույնը պետք է լինի նաև հայ գերիների մասով»,-ասաց Ստեփանյանը։
Ակցիայի մասնակիցներն իրենց պահանջներն ամփոփող նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակցին։

