Բաքվից արձագանքել են ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է ՀՀ ԱԳՆ խոսնակի հայտարարությանը։ https://livenews.am/press/2024/310209/04/18/19/

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի հայտարարությունները հարձակողական զենքի բոլոր միջոցներով հագեցած և Սահմանադրությամբ ու այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ ունեցող այս երկրի իբր խաղաղ դիրքորոշման մասին մանիպուլյացիաներ են՝ նպատակ ունենալով մոլորեցնել միջազգային հանրությանը»,-ասել է Բաքվի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ  նախօրեին ՀՀ ԱԳՆ-ը անդրադարձել էր վերջին օրերին Բաքվից հնչող սպառնալիքներին ու մեղադրանքներին, մասնավորապես նշելով. «Պաշտոնական Երևանն արդեն բազմիցս և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունի։ Պետք է ընդգծել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, որով Բարձր դատարանը ստուգեց և հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը և հերքեց բոլոր այն պնդումները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում իր որևէ հարևանի նկատմամբ։

Ինչ վերաբերում է սպառազինություններին, ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետության ինքնապաշտպանության իրավունք է վերապահում։ Ավելին, միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությամբ է օժտում։ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։ Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են, ինչի մասին հաճախ հայտարարում է Ադրբեջանի նախագահը»։