ՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ը պաշտոնական այցով եղել է Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և բանակցություններ վարել այդ երկրի Պետական անվտանգության ծառայության հետ։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։

«Ընդգծվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայություններին է վերապահված միջազգային ահաբեկչական կառույցների թշնամական ծրագրերը ժամանակին հայտնաբերելու պատասխանատվությունը», – նշել է ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը։

Բացի այդ, կողմերը նշել են, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հետ փոխգործակցության մեջ առանձնահատուկ տեղ է հատկացվում «արևմտյան հետախուզական ծառայությունների թշնամական նկրտումները բացահայտելու ջանքերին, որոնք ուղղված են  երկու երկրներում ներքաղաքական կայունության խարխլմանը»։

«Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օրխան Սուլթանովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևի հետ Սերգեյ Նարիշկինի հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ ստեղծված իրավիճակում հետախուզության և հակահետախուզության գլխավոր խնդիրներից մեկն արտերկրում կազմակերպված հակառուսական և  հակաադրբեջանական  դիվերսիոն գործողությունները ժամանակին բացահայտելն է», – ասվում է հաղորդագրությունում:

Նշվել է, որ անհրաժեշտ է մեծացնել համատեղ ջանքերը՝ հակազդելու արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից ոչ համակարգային ընդդիմության և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը՝ Ռուսաստանում և Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով: