Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին՝ ազատելով քրեական պատասխանատվությունից

«Դատարանը վճռեց ամբաստանյալ Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչել երկու դրվագով՝ 2013 թ. ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում և նրան ազատել քրեական պատասխանատվությունից քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն 2019-ին անցած լինելու պատճառաբանությամբ»,-արդարադատության նախկին նախարար, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը հրապարակեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Դատարանը վճռեց բավարարել գործով տուժող, քաղհայցվոր Մ. Սարգսյանի հայցը և ամբաստանյալ Հ. Թովմասյանից հօգուտ տուժողի բռնագանձել 5 մլն 600 հազար դրամ գումար՝ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում։

Դատարանը բավարարեց նաև տուժող, քաղհայցվոր Է. Շաբոյանի հայցը՝ ամբաստանյալ Հ. Թովմասյանից հօգուտ տուժողի բռնագանձել 5 մլն 203 հազար դրամ գումար՝ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում, մնացած մասով հայցը մերժվեց։

2020 թ. հունվարի 15-ի որոշմամբ ամբաստանյալ Հ. Թովմասյանի գույքի վրա դրված կալանքը 10 մլն 803 հազար դրամի չափով թողնվեց անփոփոխ՝ մինչև քաղհայցերի մասով դատավճռի կատարումը, իսկ մնացած մասով վերացվեց։

Դատավճիռը վերաքննության կարգով կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան հրապարակվելուց հետո մեկամսյա ժամկետում։