Լեռնային Ղարաբաղի նախագահ եզրույթն այլևս գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան
«Ես, կարծում եմ, որ այդ ֆորմատը պետք է լուծարել։ Քանի որ երկրորդ կողմն այլևս իրավազոր չէ, չի ներկայացնում այն, ինչ ժամանակին նեկայացնում էր, կարծում եմ, որ պետք է լրջորեն քննարկենք այդ ֆորմատը չեղարկելու հարցը»,- ԱԺ նիստում ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան հարցին, թե մտադի՞ր են առաջիկայում Հայաստանի և Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարել։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի, Արցախի պաշտոնյա այլևս գոյություն չունի․ «Նման կարգավիճակ Հայաստանում այլևս որևէ մեկը չունի, և չգիտեմ, թե ում հետ պետք է հարցերը քննարկեմ հավանական նիստի պարագայում։ Որպես իրավաբան՝ նույնպես համարում եմ, որ այլևս այդ ֆորմատը գոյություն չունի»։
Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ եթե շարժվում են Սահմանադրությամբ և օրենքներով, Արցախի Հանրապետություն արտահայտությունը որպես իրավական արտահայտություն այսօր առկա է ոչ միայն Հայաստանի բազմաթիվ օրենքներում, այլև միջազգային պայմանագրերում, և այս փաստաթղթի առկայությունն անձը չէ, որ որոշում է վերացնել կամ չվերացվնել, ինստիտուտներ կան։
«Այս հասկացության ներքո Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որն ընտրվել է Արցախի ժողովրդի կողմից, դուք իրավասու չեք հայտարարել չեղյալ, պարտավոր եք առաջնորդվել օրենքով։ Քանի դեռ այդ ակտերը կան, ձեր պարտականությունը, պարտավորությունն է այդ ակտերով շարժվել, մնացյալը անգործություն է կամ հրաժարումն է պարտավորությունները կատարելուց։ Եթե հրաժարվում եք դա անել, ասեք՝ մենք էլ համապատասխան իրավական ընթացք տանք»,- հակադարձեց ընդդիմադիր պատգամավորը։
Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Համապատասխան իրավական ընթացք տալու համար համապատասխան իրավական հիմնավորումներ են պետք։ Այդ հիմնավորումները դուք չունեք։ Արցախի Հանրապետությունն ինքն իրեն լուծարել է իրենց պաշտոնյաների որոշմամբ և իրավահարաբերությունները, հարաբերությունները հնարավոր են, երբ որ կա երկու կողմ։ Ես չեմ կարող ինչ-որ մարդկանց հետ նիստ հրավիրել, կարող եմ Հայաստանի քաղաքացիների, ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, ընդունելության օր նշանակել ու հարմար պահի հանդիպել։ Դա է իմ միակ պարտավորությունն այսօր։
Ես համարում եմ այդ ֆորմատն այլևս գոյություն չունի ԼՂ իշխանության ընդունած որոշման բերումով»։
Ալեն Սիմոնյանը նաև ասաց. «Ինձ համար Լեռնային Ղարաբաղի նախագահ եզրույթն այլևս գոյություն չունի»։

