Մեր գողացված կենսագրության խարանը Նիկոլ Փաշինյան երևույթի ճակատին է․ Բագրատ Սրբազան

Մենք որևէ վայրկյան չենք կարող հաշտ լինել Արցախի կորստի հետ, որովհետև սա մեր գողացված կենսագրությունն է. անկեղծ ասած, ամոթով եմ ես գալիս Եռաբլուր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Բագրատ Սրբազանը:

«Այդուհանդերձ, մեզ համար սա ուխտի օր է, ոչ թե սոսկ հիշատակելու, այլ ինքներս մեզ հիշեցնելու: Այն, որ այսօր Արցախի կորուստը, ես հավատում եմ՝ ժամանակավորապես, ուղղակիորեն անպատվություն է մեզ համար, միաժամանակ գողացված ուրախության իրականությունը, դա մեզ պետք է մղի պայքարի, հակառակ նրան, թե աշխարհն ինչ կասի, կամ այս ներքին թշնամի իշխանությունն ինչ կասի։

Այն մարդիկ, որոնք արցախցու հացն են կերել, այսօր ուրացել են: Եվ այո, պատասխանատուն էլ, մեղավորն էլ, պատմության խարանն էլ, ներկայիս խարանն էլ, մեր գողացված կենսագրության խարանն էլ Նիկոլ Փաշինյան երևույթի ճակատին է»,-նշեց նա: