Դավաճան է նա, ով չի սթափիր, դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը. այսօր Անդրանիկ Զորավարի հիշատակի օրն է
«Եթե կուզեն ինձ պատիվ անել, ես իմ արձանը չեմ ուզում, փառավոր թաղում չեմ ուզում: Թող հայ ժողովուրդը կանգնեցնի ավերակ դարձած Առաքելոց վանքը և այնտեղ փոքրիկ ուսումնարան կառուցի հայ մանուկների համար: Այս է իմ ամբողջ բաղձանքս և բարոյական պահանջս հայ ժողովրդից»: Այսօր Զորավար Անդրանիկի հիշատակի օրն է։
Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց մեկ տարի անց բանտարկվում է հայ բնակչությանն ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ կատարելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու։
Արևմտյան Հայաստանում Անդրանիկը մտնում է հայտնի ֆիդայի Սերոբ Վարդանյանի (Աղբյուր Սերոբ) պարտիզանական ջոկատը և դառնում թուրքական ջարդարարների ու կանոնավոր բանակային զորամասերի դեմ պայքար մղող մի քանի պարտիզանական խմբերի ճանաչված ղեկավարը։ Գլխավորել է Սերոբին սպանող Բշարե Խալիլի սպանությունը, 1901թ.-ի Առաքելոց վանքի կռիվները։ 1902-1904 թթ. Անդրանիկի ջոկատները թուրքերի և քուրդ մահմեդականների դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում և Վասպուրականում։
Լքելով Օսմանյան կայսրությունը՝ Անդրանիկը մեկնում է Բուլղարիայում թուրքական բանակի դեմ կռվելու, ապա վերադառնում Հայաստան, որտեղ Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին ստանձնում է արևելքում՝ Արցախի, և հարավում՝ Զանգեզուրի հայ բնակչության պաշտպանության գործը։ Նրան և զորավար Գարեգին Նժդեհին է վերագրվում ադրբեջանական ագրեսիայից այդ տարածաշրջանի հայ բնակչության ֆիզիկական գոյությունն ապահովագրելու պատիվը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական հրամանատարության կողմից Անդրանիկին հանձնարարվեց ձևավորել և գլխավորել առաջին հայկական կամավորական գունդը, որն էլ նրա հրամանատարությամբ անհավասար մարտեր է մղում թուրքական զորքերի դեմ ու հեղինակություն է նվաճում ռուսական ռազմական հրամանատարության շրջանում։ Գեներալ-լեյտենանտ Չերնոզուբովն Անդրանիկի այդ ժամանակվա գործունեության համար ասել է․ «Ես միշտ հանձին Անդրանիկի՝ տեսնում էի ջերմ հայրենասերին, Հայաստանի ազատության մարտիկին, որ խորապես սիրում է իր Հայրենիքը։ Ես առանձնակի հաճույքով էի միշտ կարդում ռուսերեն թարգմանությամբ քաղվածքները հայկական թերթերի հոդվածներից, որտեղ Անդրանիկին հարգանք էր մատուցվում՝ իբրև ազգային հերոսի, որն իր գլուխը միշտ քաջաբար պահեց Հայաստանի դարավոր թշնամու դեմ պայքարում ազգային իդեալները իրագործելու համար»։ Իսկ ռուս հայտնի զորավար Յուդենիչն Անդրանիկի մասին ասել է` «խենթի պես քաջ է»։
1915 թ. ապրիլի 15-18-ը գունդը Անդրանիկի գլխավորությամբ՝ քաջաբար մասնակցել է Մուղանջուղի (Դիլման) տակ մղված մարտին, ինչի շնորհիվ Կովկասը փրկվեց թշնամու ներխուժումից։ 1918 թ. աշնանն Արցախում հարաբերական անդորրությունը խախտվում է։ Ջեմիլ Ջահիդ բեյի հրամանատարությամբ թուրքական մեկ բրիգադ և նրան կից այլ զորքեր Եվլախից շարժվում են դեպի Շուշի։ Արդեն իսկ սեպտեմբերի 26-ին թուրքական զորքերը մտան Շուշի։
Այս մասին Սիմոն Վրացյանն իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում (Երևան, 1993 թ., էջ 329) գրում է․ «Հոկտեմբերի 18-ին թուրքական մի զորամաս, տեղական թուրքերի և մի քանի հայերի առաջնորդությամբ, մտավ Վարանդայի Մսմնա գյուղը, բայց հանդիպեց հայ մարտիկների ուժեղ դիմադրության, ջարդվեց և ամոթահար փախավ հետ` հայերին թողնելով 2 թնդանոթ ու մեծ քանակությամբ պատերազմական ավար… Անդրանիկը, տեղեկանալով ղարաբաղցիների խնդրի մասին, շտապով պատրաստվեց և նոյեմբերի 16-ին շարժվեց դեպի Շուշի ու հասավ Ավդալլար գյուղ (ներկայիս Բերձոր.- Զ. Ը.)` Շուշիից 40 վերստի վրա։ Անդրանիկի հրամանի համաձայն` Դիզակի զինված ուժերի հրամանատար Սոկրատ բեգ Մելիք-Շահնազարյանը պետք է գրավեր Քիրսի ու Սաղսաղանի գագաթներն ու Թթու ջուրը, բայց փոխանակ այդ հրամանը կատարելու` նա անցավ քաղաքի մոտի Քարին տակ գյուղը և հարաբերության մեջ մտավ քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանի հետ, որը հակառակ էր Անդրանիկի արշավանքին։ Մելիք-Շահնազարյանը իր և Սոկրատ բեգի կողմից նամակ ուղարկեց Անդրանիկին և կանգնեցրեց նրա առաջխաղացումը։ Նույն ժամանակ հեռագիր հասավ զորավար Թոմսոնից, որը հրահանգում էր Անդրանիկին դադարեցնել կռիվները։ Դրա վրա Անդրանիկն առավ իր ուժերն ու քաշվեց Զանգեզուր։ Նրա հեռանալուց հետո, թուրքերը ոչնչացրին Ղարաբաղի և Զանգեզուրի միջև ընկած Հարար, Սպիտակաշեն և Պետրոսաշեն հայկական գյուղերը` ավելի ևս դժվարացնելով Ղարաբաղի և Զանգեզուրի հարաբերությունները»։
Անդրանիկը հայրենիքից հեռացավ դառնացած և հասնելով Թիֆլիս՝ ասաց․ «Ես իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության ու բարօրության։ Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միայն մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար։ Ես չեմ փնտրում իմ վաստակի գնահատականը և ցանկանում եմ միայն այն, որ երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ես ծառայում եմ ամբողջ կյանքում»: Սա էր հերոսի կյանքի ողջ նպատակը։
1919 թ. դեկտեմբերին «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան թերթը գրում էր. «Զորավար Անդրանիկը կանգնած է հայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանք մեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը, որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքական բանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան՝ նրա սուրը»։
1921 թ. Զորավար Անդրանիկը ցանկացել է մտնել Կիլիկիա՝ այնտեղի հայերի ինքնապաշտպանությունն իր վրա վերցնելու և քեմալական Թուրքիայի դեմ պայքարելու համար։ Սակայն Ֆրանսիայի կառավարությունն արգելել է Զորավարի մուտքը Կիլիկիա։
Անդրանիկը մահացել է 1927 թվականի օգոստոսի 30/31-ին, Չիքո (Սակրամենտոյի մոտ) քաղաքի Ռիչարդսոն Սփրինգս հանքային ջրերի առողջարանային համալիրում՝ սրտի կաթվածից։
Նրա համար հոգեհանգստի արարողություններ կազմակերպվել են ամբողջ աշխարհի հայ համայնքներում։ 2000 թ. նրա աճյունը տեղափոխվել է Հայաստան և վերաթաղվել Եռաբլուրում՝ Հայաստանի զինվորական պանթեոնում։ Նրա գերեզմանին այժմ հուշարձան է բարձրանում, որին գրված է «Զորավար Հայոց»։
Անդրանիկն ասում էր․
«Հայն իր կյանքը պաշտպանելու մեկ միջոց ունի միայն, մեկ պաշտպան, այն էլ զենքն է ու զինավարժությունը։ Մարդ ոչ հերոս, ոչ էլ կռվող կծնվի։ Զենքն է, որ մարդուն կռվելու ընդունակություն կտա և դիմադրության ոգի կստեղծի նրա մեջ…։ …Ես չհասցրեցի ավարտին հասցնել բոլոր իմ գործերը»:
«Վտանգն արդեն կամաց-կամաց ահավոր կդառնա։ Բնաջնջվելու ուրվականը մեր դռներուն առջև է չոքած և մղձավանջի նման կհալածե մեզ բոլորիս։ Վերջնական մահը սուրի նման կախված է գլուխնուս վրա, և մենք այս ահավոր ժամերուն դեռ թմրած ենք, դեռ անտարբեր կքնանանք։ Հայ ժողովուրդ, եթե ապրիլ կցանկանաս, եթե քու Ավերակ հայրենիքի սև սուգը ունիս ծանրացած քու սրտին վրա, եթե քու անբաղդ եղբայրներու շիրիմները քեզ կհուզեն, եթե քու անմահ նահատակներու հիշատակին հարգանք ունիս, շարժվե և դիմե դեպի Հայրենիք։ Կռվելու ընդունակ հայ զինվորներ, անմիջապես վազեցեք, մտեք Ազատության և ինքնապաշտպանության դրոշի տակ երթալու հայրենիք՝ պաշտպանելու զայն իրեն սպառնացող օրհասական վտանգեն։ Ես սոսկալով կտեսնեմ այդ սարսափելի վտանգը, որ կհրամայե ամբողջ հայ ժողովրդին սթափիլ և ազատել ինքզինքը ստույգ մահվանե։ Դավաճան է նա, ով չի սթափիր, դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը։ Ով չտեսներ մեր պաշտելի նահատակներու ստվերը» (1918 թ․ հունվարի 9)։

