Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից F-35 կործանիչներ գնել՝ ռուսական С-400-ների կոնսերվացման դիմաց․ ԶԼՄ
Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել նոր սերնդի F-35 կործանիչներ, որպեսզի գերազանցություն ստանա հունական ավիացիայի հանդեպ, տեղեկացրել է Cumhuriyet-ը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ Պարբերականի տեղեկացմամբ՝ Անկարան F-35-ների մատակարարումների ծրագիր վերադառնալու մասին բանակցությունների ընթացքում Վաշինգտոնին հայտնել է, որ հանուն ռազմական ինքնաթիռների ձեռքբերման չի ակտիվացնի ռուսական ՀՕՊ Ս-400 համակարգերը։ Այդ համալիրները Թուրքիան ՌԴ-ից գնել է 2,5 մլրդ դոլարով, բայց դրանք այդպես էլ չեն շահագործվել և մինչ այժմ պահվում են թուրքական պահեստներում, նշել է պարբերականը։
Անկարայում ԱՄՆ դեսպանության բարձրաստիճան ներկայացուցիչը չի հերքել այս տեղեկությունը։ «Այժմ գնդակը Թուրքիայի կողմում է, նրան լավ հայտնի են F-35-ի գնման պահանջները»,- ասել է նա պարբերականի հետ զրույցում։

