Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը հայտարարել է Կուրսկի մարզում 100 բնակավայրերի վերահսկման մասին
Ուկրաինայի Զինված ուժերը վերահսկում են 100 բնակավայրեր Կուրսկի մարզում, հավաստիացրել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
«Մենք շարունակում ենք առաջ շարժվել, ռուսական զորքերին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ պատճառել։ Այսօր մենք վերահսկողության տակ ենք վերցրել 1 294 քառակուսի կիլոմետր տարածք և 100 բնակավայր»,- Սիրսկու խոսքերը մեջբերել է ՈՒՆԻԱՆ-ը։
Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը գերի է վերցրել մոտ 600 ռուսաստանցի զինվորականի։
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը նշել է, որ ռուսական բանակը պլանավորել էր հարձակում Ուկրաինայի ուղղությամբ Կուրսկից։ Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականների նպատակը անվտանգ գոտու ստեղծումն է, Սումայի մարզի օբյեկտների պաշտպանությունը և Ուկրաինայի գնդակոծության դադարեցումը ՌԴ տարածքից։
Գեներալն ավելացրել է, որ ուկրաինական բանակի հետագա գործողությունները կախված կլինեն ճակատում օպերատիվ իրադրությունից։
Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ի առավոտյան։ Ներկայում նրանք վերահսկում են մոտ 1 300 քառակուսի կիլոմետր տարածք։ Գործողությունը շարունակվում է։
ՌԴ ՊՆ-ում հավաստիացնում են, որ ուկրաինական ուժերի հարձակումը Կուրսկի մարզում կանգնեցված է։

