Վրաստանի իշխող կուսակցությունը ցանկանում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել. ԶԼՄ

Վրացական ընդդիմադիր լրատվամիջոցները, մասնավորապես Formula TV հեռուստաալիքը հայտնում են, որ իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան‎» կուսակցությունը ծրագրում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել։

Հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ գաղափարին դեմ է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը՝ պատճառաբանելով, թե դա անհրաժեշտ չէ, և դեռ չի եկել նման քայլի պատմական պահը։ Նաև որոշ եկեղեցականների հակափաստարկն այն է, որ այս դեպքում եկեղեցին ավելի քիչ անկախ կդառնա պետությունից։

Իշխանությունը պաշտոնական հայտարարություն չի արել, սակայն «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ մոտ ապագայում հասարակությունը կտեղեկացվի «Վրաստանի և քրիստոնեական հավատքի համար էքզիստենցիալ կարևորության շատ կարևոր հարցի մասին‎»։