Փարիզում էլ Էյֆելյան աշտարակի կառուցմանն էին մարդիկ դեմ․ Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր առավոտյան հետևել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին։

Նա լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման ընթացքին՝ նշելով. «Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման գաղափարի մասին երկար եմ մտածել, ընտանիքիս անդամների, ծանոթների ու տարբեր ոլորտների անձանց հետ եմ քննարկել։

Իմ մեջ միտքը ծագել է, որ մենք հայ ենք, աշխարհի առաջին քրիստոնյա ազգը: Մենք պետք է խեղճ չմնանք, պետք է ասենք, որ ամբողջ աշխարհն իմանա, որ Կովկասում կա հայ ժողովուրդ, որ քրիստոնեությունն ինքն է ընդունել: Դա մեզ ճանաչում ու հզորություն է տալու»,-ասաց նա:

Անդրադառնալով նախաձեռնության քննադատություններին՝ Ծառուկյանն ասաց. «Ամեն ինչ ժամանակին կապացուցվի։ Ես կարող եմ ասել, որ սա լինելու է մեր երկրի համար ճանաչման, հզորացման միջոց, հրաշալիքներից մեկն է լինելու։ Ժամանակի ընթացքում դեմ արտահայտվողները դա կհասկանան։ Ես միայն չեմ ընդունում չարախոսությունը», – ապա հիշեցրեց, որ Փարիզում Էյֆելյան աշտարակի կառուցմանը ևս մարդիկ ժամանակին դեմ էին, մինչդեռ այժմ այն Ֆրանսիայի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկն է։

Լրագրողի դիտարկմանը, թե միանշանակ չէր նաև Հայ Առաքելական Եկեղեցի դիրքորոշումը և ՀԱԵ-ից ևս քննադատություններ հնչեցին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ են եղել, որոնք իրենք անցկացրել են ինչպես Ամենայն Կայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, այնպես էլ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ։

«Բոլորը պետք է հասկանան, որ ես կառուցում եմ ոչ թե եկեղեցի, այլ մշակութային կենտրոն։ Եթե ես եկեղեցի կառուցեի ու եկեղեցում դնեի, այլ բան կլիներ», – ասաց նա՝ հավելելով, որ մեր երկիրը չունի գազ, նավթ, ոսկի ու ադամանդ, բայց ունի տուրիզմը զարգացնելու հիանալի հնարավորություն։

Հարցին, թե ԿԳՄՍՆ-ի հետ հակասություններն ինչպես են լուծվել, նա արձագանքեց. «Քննարկումներ կան, գնում են, բանակցում եմ: Կան նախնական նախագծի փոփոխություններ: Այնտեղ եղել են ամրոցներ, ես գումարները փոխանցել եմ, եկել են, ուսումնասիրել են, հայտնաբերել են: Մենք շատ գրագետ, իրար հետ համագործակցելով, տեղը տեղին: Իրավական առումով եղել է, որ այնտեղ ամրոցներ կան, ես պատրաստակամ եմ եղել դրանք վերակառուցելու: Դա պատմություն է, որ տուրսիտները գան, դա էլ կտեսնեն, նա էլ կտեսնեն»:

Նշենք, որ Հիսուսի արձանը գրեթե 90 տոկոսով կառուցված է: