Հայաստանի ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ՝ Երևանի դեսպանատան դեմ իրականացված «ձվահարման» ակցիայի պատճառով
Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատունյանը հրավիրվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն՝ Երևանում Բելառուսի դեսպանության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի և դրան հաջորդած ձվեր, լոլիկներ և կարտոֆիլ նետելու պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը։
«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի, Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությանը հասցված վնասի և Հայաստանի իրավապահ մարմինների ակնհայտ անբավարար միջոցների մասին, որպեսզի կանխվի այդ արարքը»,- ասել է նա։
Բելառուսական կողմը հույս է հայտնել, որ «վանդալները կբացահայտվեն, կփոխհատուցվեն պատճառված վնասը և կպատժվեն Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Հիշեցնենք՝ այսօր «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր թիմակիցների հետ ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ՝ ի պատասխան այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների։

