Բացահայտեք Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղեք միջազգային հանրությանը․ Արցախի ԱԺ

Արցախի Հանրապետության ազգային ժողովի խմբակցությունների միասնական կոչը․

«2024թ. նոյեմբերի 11-22-ը Բաքվում նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և բազմաթիվ լրագրողներ: Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։ Կասկածից վեր է նաև, որ նշված համաժողովին հրավիրված պաշտոնյաների և կառույցների անտարբեր մոտեցումը Ադրբեջանի ոճրագործությունների նկատմամբ այդ երկրի ղեկավարության կողմից դիտարկվելու է որպես քաջալերանք՝ իրականացված ու շարունակվող հանցագործությունների, որի ցանկից կարելի է առանձնացնել.

– Արցախում 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկված էթնիկ զտումները՝ որպես ցեղասպանություն և մարդկության դեմ իրականացված հանցագործություն

– Ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք և ուժի կիրառման սպառնալիքով  ճնշումները ՀՀ-ի վրա

– Բաքվի կողմից պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների նկատմամբ կեղծ մեդադրանքները, վերաբերմունքն ու նրանց անորոշ ճակատագիրը

– Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացման, յուրացման և ինքնությունը կեղծելու գործուն քայլերով։

Վերոնշյալ հանցավոր գործողությունների շարքը կարելի է երկար շարունակել: Մարդկությանը հուզող գլոբալ հարցերի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի  անվան տակ այս արարքների քողարկումը միայն ու միայն խորացնելու է անվստահության ու անկայունության մթնոլորտը, որն Ադրբեջանի կողմից պարտադրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանին 2020թ. 44-օրյա պատերազմի, լիակատար շրջափակման և ցեղասպանության սպառնալիքի ներքո Արցախի Հանրապետության բռնազավթման և ամբողջովին հայաթափելու միջոցով:

Կոչ ենք անում համայն հայությանը և տարածաշրջանի՝ խաղաղությամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպություններին ու անհատներին միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի և Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի սկսած արշավին՝ տեղեկատվական դաշտում, սոցիալական ցանցերում և անհատական հաղորդակցություններով բացահայտել Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղել միջազգային հանրությանը»:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

21.08. 2024թ

Երևան