Եթե «Վրացական երազանքը» աշնանը հաղթի՝ Սահակաշվիլու կուսակցությունը հակասահմանադրական կճանաչի
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը եթե հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և օրենսդիր մարմնում ստանա սահմանադրական մեծամասնություն, հակասահմանադրական կճանաչի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարությաուն է տարածել կուսակցությունը։
«Մեզ անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն ձեռք բերել քաղաքական համակարգը էականորեն բարելավելու համար, և առանց «Ազգային շարժումը» քաղաքականությունից տարանջատելու՝ դա անհնար է։ Սահմանադրական մեծամասնություն ստանալուց անմիջապես հետո մենք կնախաձեռնենք իրավական գործընթաց, որի արդյունքում «Միացյալ ազգային շարժումը» և նրա բոլոր արբանյակները կամ իրավահաջորդները կճանաչվեն հակասահմանադրական»,-ասված է «Վրացական երազանք»-ի հայտարարության մեջ:
Իշխող կուսակցությունից հայտնում են, որ չնայած 12 տարի իշխանության ղեկին են, «Ազգային շարժմանը» դեռևս չեն կարողացել դատել այն պատճառով, որ Սահակաշվիլու կուսակցությունը դրսից հովանավորներ ունի։ Չնայած դրան, կուսակցությունից ասում են, որ իրենք կարողացել են դատել ծանր հանցագործությունների գործերով նրանց, ովքեր Սահակաշվիլու կառավարության օրոք տարբեր պաշտոններ են զբաղեցրել։
«Վրացական երազանքը» վստահ է, որ «Ազգային շարժումը» դեռևս հովանավորներ ունի դրսում։ Սրանք այն ուժերն են, որոնք արդեն երկու տարի է՝ Վրաստանից պահանջում են «երկրորդ ճակատ» բացել Ռուսաստանի Դաշնության դեմ։

