Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը. Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լրագրողների այն հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի վաճառքին․ «Ինչպիսի՞ն է Իրանի արձագանքը այս հարցում»։

Քանանին հերքել է այդ ամենը և ընդգծել. «Ձեր նշածի վերաբերյալ ոչ մի փաստական տեղեկություն չունեմ և հրապարակված լուրերի հիման վրա չեմ կարող մեկնաբանել»։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերություններին․

«Կարևոր հարց է այն, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական և կառուցողական են, և երկու երկրներն ունեն ընդհանուր կամք՝ զարգացնելու համակողմանի հարաբերություններ։ Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը»։

Դիվանագետն չմեկնաբանելով հայ-ամերիկյան հարաբերությունները, միաժամանակ նշել է, որ տարածաշրջանում ԱՄՆ դերին թերահավատորեն են մոտենում․
«Թերահավատորեն ենք վերաբերվում տարածաշրջանում ԱՄՆ-ի դերին, հատկապես՝ այս երկրի ռազմական ներկայությանը։ Դա վերաբերում է պատմական իրողությանը՝ տարածաշրջանի երկրներում ամերիկյան կառավարության ապակայունացնող գործունեությանը»,- հայտարարել է Նասեր Քանանին։