Իրանի Մեջլիսի խոսնակն անձամբ է վարել ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ թռիչքի ժամանակ

Իրանի Մեջլիսի (խորհրդարան) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն անձամբ է վարել ինքնաթիռը Սանկտ Պետերբուրգ չվերթի ժամանակ, որտեղ ընթանում է ԲՐԻԿՍ-ի 10-րդ խորհրդարանական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նշվում է, որ Farhikhtegan թերթը լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Իրանի խորհրդարանի խոսնակն օդաչուի համազգեստով մի քանի րոպեով մտել ինքնաթիռի սրահ՝ զրուցելու արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարիի և Մեջլիսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Սեյիդ Շամսուդդին Հոսեյնիի հետ։

ԲՐԻԿՍ-ի 10-րդ խորհրդարանական համաժողովը տեղի է ունենում հուլիսի 11-12-ին Սանկտ Պետերբուրգում։ Ռուսաստանը հունվարի 1-ից ստանձնել է միավորման նախագահությունը։

ԲՐԻԿՍ-ը ներկայում ներառում է 10 պետություններ: 2006 թվականին հիմնադրումից ի վեր BRICS խումբն անցել է ընդլայնման երկու ալիքով: 2011 թվականին սկզբնական կազմին՝ Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին և Չինաստանին, միացել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Միավորման հինգ նոր անդամները՝ Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան, BRICS-ում լիարժեք աշխատանքը սկսել են 2024 թվականի հունվարի 1-ից: