Քիր Սթարմերը պաշտոնապես դարձավ Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետը

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ սըր Քիր Սթարմերը պաշտոնապես դարձել է Մեծ Բրիտանիայի 58-րդ վարչապետ, հայտնում է The Guardian-ը:

Քաղաքական գործիչը ժամանել է Բուքինգհեմյան պալատ, որտեղ նրան ընդունել է Չառլզ Երրորդ թագավորը:

Այժմ Սթարմերը պատրաստվում է հանդես գալ ուղերձով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդն ընդունել է վարչապետ Ռիշի Սունակի հրաժարականը:

Նշվում է, որ Բուքինգհեմյան պալատը համապատասխան հայտարարություն է տարածել. «Հարգարժան Ռիշի Սունակն այսօր առավոտյան հանդիպել է թագավորին և ներկայացրել իր հրաժարականը վարչապետի պաշտոնից, ինչը Նորին մեծությունն ընդունել է»:

Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը, ինչը նշանակում է երկրում պահպանողականների կառավարման 14-ամյա ավարտը:

Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել բոլոր ընտրատարածքներում, սակայն լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են դրանցից 381-ում՝ մեծամասնություն ապահովելով 650 տեղանոց պալատում:

Հինգշաբթի երեկոյան քվեարկության ավարտից անմիջապես հետո հրապարակված էքզիթ-փոլի կանխատեսման համաձայն՝ լեյբորիստները կունենան 410 տեղ: