Չառլզ Երրորդն ընդունել է Սունակի հրաժարականը

Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդն ընդունել է վարչապետ Ռիշի Սունակի հրաժարականը: Այս մասին գրում է guardian.com-ը:

Նշվում է, որ Բուքինգհեմյան պալատը համապատասխան հայտարարություն է տարածել. «Հարգարժան Ռիշի Սունակն այսօր առավոտյան հանդիպել է թագավորին և ներկայացրել իր հրաժարականը վարչապետի պաշտոնից, ինչը Նորին մեծությունն ընդունել է»:

Այժմ Բուքինգհեմյան պալատ է այցելելու խորհրդարանական ընտրություններում հաղթած Լեյբորիստական կուսակցության ղեկավար սըր Քիր Սթարմերը, որը լինելու է հաջորդ վարչապետը:

Սթարմերի գլխավորած Լեյբորիստական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հավաքել է Համայնքների պալատի ձայների մեծամասնությունը, ինչը նշանակում է երկրում պահպանողականների կառավարման 14-ամյա ավարտը:

Ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել բոլոր ընտրատարածքներում, սակայն լեյբորիստներն արդեն պաշտոնապես հաղթել են դրանցից 381-ում՝ մեծամասնություն ապահովելով 650 տեղանոց պալատում:

«Այսօր իշխանության փոխանցումը ձեռքից ձեռք տեղի կունենա խաղաղ և կանոնավոր, բոլոր կողմերի բարի կամքով։ Սա պետք է բոլորիս վստահություն տա մեր երկրի կայունության և ապագայի նկատմամբ։ Բրիտանացիներն այսօր սթափեցնող դատավճիռ են կայացրել, սովորելու շատ բան կա… և ես ստանձնում եմ ձախողման պատասխանատվությունը»,- ասել է Սունակը: