ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանին փոխելու հարցը

Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ուղարկող պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը։ Տվյալ դեպքում խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Նման հարցերը լուծելու համար ընթացակարգեր են սահմանվել, և դրանք կիրականացվեն»,- ասել է Գալուզինը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում. «Միշտ խորը գոհունակություն եմ զգացել ռուս-հայկական հարաբերությունների, դաշնակցային և ռազմավարական գործընկերության զարգացման և ընդլայնման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքից։

Ես երախտապարտ եմ Վաղարշակ Վառնազովիչին՝ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած մեծ ներդրման համար»։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ շուտով ՌԴ-ում Հայաստանը դեսպանը կփոխվի. «Մենք շուտով ունենալու ենք նոր դեսպան Ռուսաստանի Դաշնությունում։ Հուսամ, որ շուտով կունենանք»։

Նշենք, որ այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպանը Վաղարշակ Հարությունյանն է։ Շրջանառվում է ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանի անունը՝ որպես դեսպանի թեկնածու։