Այսօր ՀՀ Սահմանադրության օրն է
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»,-այսպես է սկսվում ՀՀ Սահմանադրությունը՝ Մայր օրենքը։
ՀՀ Սահմանադրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն և համաձայն «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի՝ համարվում է ոչ աշխատանքային: Այս օրն ավանդաբար անցկացվում են տոնական միջոցառումներ, քայլերթ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը:
Սահմանադրությունը հանրաքվեներով (2005, 2015) ենթարկվել է փոփոխությունների։
Անփոփոխ են մնացել միայն 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները:
Սահմանադրության առաջին հոդվածը հռչակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Երկրորդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։ Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է։
Սահմանադրության 114-րդ հոդվածն արգելում է փոփոխման ենթարկել 1-ին, 2-րդ և 114-րդ հոդվածները:
ՀՀ սահմանադրությունն ունի 9 գլուխ և 117 հոդված:

