ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական կապերը երբեք այսչափ ամուր չեն եղել. Անկարայում ԱՄՆ դեսպան
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հարցազրույց է տվել բրիտանական «Reuters» լրատվական գործակալությանը։ Դեսպանը մասնավորապես անդրադարձել է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին և Թուրքիայի ԲՐԻԿՍ-ի անդամակցությանը և այլ հարցերի։ Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբերը»։
«Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարաբերություններն ամրապնդվում են և ՆԱՏՕ-ի ընդլայնումից և F-16 կործանիչների վաճառքի համաձայնագրից հետո Թուրքիան խարսխվել արևմուտքին։ ԱՄՆ Կոնգրեսի տեսակետը Թուրքիայի նկատմամբ նախկինի համեմատ ավելի լավն է։ ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական կապերը երբեք այսչափ ամուր չեն եղել»,- նշել է Ֆլեյքը։
Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ հարցին՝ դեսպանը նշել է, որ Վաշինգտոնում հաջորդ ամիս կկայանա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը լավ հնարավորություն է Բայդեն-Էրդողան հանդիպման համար։ Ֆլեյքը նաև հավելել է, որ մայիսին նախատեսված էր երկու երկրների նախագահների հադիպումը, որը Գազայի իրավիճակի հետ կապված դժվար քաղաքական շրջանում չեղարկվել է ժամանակացույցի անհամաձայնության պատճառով։
Անդրադառնալով Գազայի հարցին՝ դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Թուրքիային խնդրել է հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին որոշ ուղերձներ փոխանցել։
Ֆլեյքը, պատասխանելով ԲՐԻԿՍ (միջազգային տնտեսական միություն) կազմակերպությանը Թուրքիայի անդամակության հարցին, նշել է. «Հույս ունեմ, որ Թուրքիան չի անդամակցի ԲՐԻԿՍ»-ին, սակայն եթե դա տեղի ունենա, կարելի է սպասել դիվանագիտական փոքր փոփոխությունների»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի անդամ։ Այս հայտարարությանն անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նշել, որ ՌԴ-ն աջակցում է ԲՐԻԿՍ-ին միանալու Թուրքիայի հետաքրքրությանը։

