ԱԳՆ-ի «աղմկոտ լռությունը»

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի երեկվա պահանջներին: «Սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, պաշտոնական Բաքվի միջամտության փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»,- կարդում ենք տեքստում:

Ալիևի համար այս պարզաբսնումը հազիվ թե համոզիչ լինի, որովհետև դեռ ամիսներ առաջ Փաշինյանը հրապարակավ ասել է, թե «ցլերը մեզ կհոշոտեն, եթե Սահմանադրությունը չփոխենք»՝ լեգիտիմացնելով Ալիևի երեկվա պահանջը:

Ի դեպ, եթե նկատեցիք մեր ԱԳՆ-ն «լռել» է Ալիևի մյուս պահաջի առիթով՝ փաստորեն համերաշխվելով Ալիևի հետ ԵԱՀԿ ՄԽ լուծարման թեմայով:

Դա ամենևին էլ զարմանալի չէ, որովհետև եթե Ալիևը չունենար Փաշինյանի նման «դաշնակից», չէր կարող նման հեշտությամբ միջնորդներին դուրս դնել գործընթացից:

Ի դեպ, պակաս հետաքրքիր չէ նաև այն հարցը, թե ինչո՞ւ Ալիևն այս օրերին որոշեց կոշտացնել պահանջները, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքում առկա լարվածությունը կարող է սասանել Փաշինյանի դիրքերը:

Ըստ ամենայնի, Փաշինյանը փորձել է օգտագործել այդ լարվածությունը՝ Ադրբեջանի հետ բանակցություններում ժամանակ շահելու կամ ինչ-որ բան կորզելու նպատակով: Երեկ Ալիևը հասկացրեց, որ Փաշինյանին «պատուհան» տալ չի պատրաստվում:

Մնում էր ապավինել ԱԳՆ-ի «աղմկոտ լռությանը»…

 

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանց