Մեկնարկել է Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագիրը․ բյուջեն՝ 11 մլն եվրո

Այսօր՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող՝ «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման» հնգամյա ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը։ Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից, բյուջե՝ 11 միլիոն եվրո։

Միջոցառմանը ներկա էին Եվրոպական միության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Սյունիքի մարզպետարանի և համայնքապետարանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ զարգացման գործընկերներ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն․Գ․ պրն․ Վասիլիս Մարագոսը ողջույնի իր խոսքում նշեց․ «Սա մի նախաձեռնություն է, որը մարմնավորում է գործընկերության և համագործակցության ոգին Եվրոպական միության, Ավստրիական զարգացման համագործակցության և Հայաստանի միջև: «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունն» իր R2D Syunik ծրագրով ներկայացնում է համատեղ ջանքեր՝ բարձրացնելու այս տարածաշրջանի մարդկանց կյանքի որակը ու ապրուստի միջոցները, միաժամանակ պահպանելով տարածաշրջանի հարուստ մշակութային ժառանգությունն ու բնական միջավայրը: Ծրագիրը շոշափելի ապացույց է այն բանի, որ Եվրոպական միության հանձնառել է աջակցելու Հայաստանի զարգացմանը և խթանելու ներառական աճը»:

Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի նպատակները, նախատեսվող գործողությունները և ակնկալվող արդյունքները։

Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության համակարգող գրասենյակի ղեկավար Կլաուս Կապեր ողջունեց հյուրերին՝ նշելով․  «Տարիներ շարունակ Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) նպաստել է Հայաստանում կայուն զարգացմանը տարբեր ծրագրերի միջոցով: Տարբեր ծրագրերի ընթացքում ԱԶԳ-ն հետևողականորեն ցույց է տվել իր նվիրվածությունը Հայաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու գործում»:

R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է Սյունիքում նպաստել միկրո, փոքր և միջին (ՄՓՄՁ) բիզնեսների մրցունակության բարձրացմանը և օժանդակություն տրամադրել համայնքային փոքր ենթակառուցվածքների վերականգման համար։