Ես լավ նախարար եմ. Անահիտ Ավանեսյան
«Ամեն անգամ շեշտվում է իմ՝ իրավաբան լինելու հանգամանքը։ Չեմ կարծում, որ տեղին է դա, ես իրավաբան եմ, զբաղեցնում եմ քաղաքական պաշտոն և վեց տարի է՝ զբաղվում եմ առողջապահության կազմակերպմամբ։ Քաղաքական պաշտոնը որևէ կապ չունի մասնագիտականի հետ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Լրագրողի հարցին՝ լավ իրավաբան է, թե լավ կազմակերպիչ՝ Անահիտ Ավանեսյանը պատասխանեց. «Լավ նախարար եմ»։
Պատասխանելով «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանին աշխատանքի չվերականգնելու և դրանում անձնական միտում ունենալու մասին հարցին՝ նախարարն ասաց. «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի կազմակերպաիրավական ձևը փոփոխվել է, ուստի պաշտոնի վերականգման անհնարինության հարց կա։ Որևէ հատուկ բան չենք արել, բոլոր առողջապահական կազմակերպությունները փորձում ենք բերել նույնական կազմակերպաիրավական ֆորմատի։ Կենտրոնը որևէ բանով չի տարբերվում այլ ԲԿ-ներից»։
Հիշեցնենք, որ Մանուկյանը 2023 թվականի ապրիլի 20-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքով պայմանավորված՝ նոր պայմաններում աշխատանքը շարունակելու համար գրավոր համաձայնություն չտալու հիմքով։ Վերջինս, սակայն, նույն թվականին դատարանում ներկայացրած հայցով վերականգնվել է պաշտոնում։ Դատարանը նախարարությանը պարտավորեցրել է Մանուկյանին վճարել նաև նախատեսված ողջ աշխատավարձը։

