Ներկայացվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2023 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
ՀՀ հաշվեքննիչ պալատը 2023 թվականին գործել է իրավական կարգավորումների համաձայն հաստատված և երեք մասից բաղկացած գործունեության ծրագրի հիման վրա. ասել է Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը` ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 3-ի նիստում:
Կառույցի ղեկավարը տեղեկացրել է, որ իրականացվել է 40 հաշվեքննություն տասը պետական մարմիններում` 2022 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացություն ձևավորելու նպատակով: «Բոլոր առումներով 2022 թվականի պետական բյուջեի կատարման ցուցանիշներն արտացոլել են իրական պատկերը»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:
Նա նշել է, որ իրականացված հաշվեքննությունների արդյունքում արձանագրվել է 113 անհամապատասխանություն` երեք, վեց և ինն ամիսների ու տարեկան բյուջեների կարատման վերաբերյալ: Արձանագրված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների հիման վրա ձևավորվել են առաջարկություններ` հաշվեքննության ենթարկված մարմիններին տրամադրելու համար:
Իրականացվել են նաև ռիսկերի մեթոդաբանության հիման վրա ընտրված թեմաների շրջանակում հաշվեքննություններ: Ըստ զեկուցողի` 12 հաշվեքննություն է ավարտվել 2023 թվականի ընթացքում, որոնցից 7-ը` կատարողական:
Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ բոլոր հաշվեքննությունների արդյունքներն ամփոփված են եղել ընթացիկ եզրակացություններում. դրանք ներկայացվել են խորհրդարանին, Կառավարությանը և հաշվեքննությանն ենթարկված մարմիններին:
Զեկուցողի խոսքով Հաշվեքննիչ պալատի ծրագրի գործունեության մյուս մասը վերաբերում է ներքին գործընթացներին և միջազգային համագործակցությանը:
Նշվել է, որ միջազգային համագործակցության համատեքստում Հաշվեքննիչ պալատն ունի մեկ պարտավորություն: ԵԱՏՄ պայմանագրում ամրագրված է, որ համատեղ վերահսկողության մեխանիզմների իրականացմանը պիտի մասնակցեն անդամ երկրների բարձրագույն հաշվեքննիչ մարմինները: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` մասնակցության արդյունքում ձևավորվել են եզրակացություններ և կարծիքներ, որոնք ներկայացվել են ԵԱՏՄ բարձրագույն մարմնին:
2023 թվականին վերանայվել է Հաշվեքննիչ պալատի կառուցվածքը: Նախկինում գործող 10 կառուցվածքային ստորաբաժանումների փոխարեն ձևավորվել են հաշվեքննություն իրականացնող կառուցվածքային վեց և մեկ նոր ստորաբաժանումներ: Փոփոխության է ենթարկվել նաև պաշտոնների անվանացանկը:
Զեկուցողն անդրադարձել է 2023 թվականին Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատված և հրապարակված միջնաժամկետ հաշվետվության առաջնահերթություններին: Անդրադառնալով 2023 թվականի ռազմավարության միջոցառումների իրականացմանը` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 4 հիմնական նպատակներ են եղել ձևավորված` իրավական դաշտի բարելավվում, հաշվեքննության ազդեցության բարելավվում, մասնագիտական կարողությունների և հաշվեքննությունների հմտությունների արդիականացում և հաղորդակցման ու համագործակցության ուղիների հզորացում:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ներկայացված հաղորդումը:

