«Զվարթնոցում» հացադուլ արած ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը մեկնել է Ֆրանսիա (տեսանյութ)
«Զվարթնոց» օդանավակայանում 41 օր հացադուլ արած ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն Ֆրանսիայում է։
Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա հայտնել է, որ արդեն Փարիզում է ու շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում աջակցել են իրեն։
Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել։
Նիկոլյանը հայտնել է, որ էլեկտրասրտագրություն է անցել, պետք է սկսի սնվել, սակայն առայժմ միայն հեղուկներով։
«Իմ պայքարը լեգիտիմ է և շարունակելու եմ այն մինչև իմ կյանքի վերջին օրը, մինչև մահը։ Լավանամ, սնվեմ, առողջանամ, որ պայքարս շարունակեմ ձեզ հետ՝ թե մենակ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Ի նշան բողոքի՝ Լեո Նիկոլյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով պարզաբանում, թե ինչ հիմքով է արգելվում իր մուտքը հայրենիք:

