Իրանի հետ պատերազմի հարցը օրակարգից հանվել է. ԻՀՊԿ հրամանատար

Հակառակորդները եկել են այն եզրակացության, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կենսունակ տարբերակ չեն, հայտարարել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին՝ հավելելով, որ «Իրանը մեկուսացնելու թշնամական դավադրությունները հակառակ արդյունք են տվել, քանի որ ԱՄՆ-ն ու Իսրայելը անկում են ապրում», հաղորդում է Tasnim-ը:

«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության դեմ պատերազմի հավանականության մասին վարկածը և դիտարկվող (ռազմական) տարբերակները հերքվել են»,- ասել է գեներալ-մայոր Հոսեյն Սալամին Իրանի համալսարաններում «Բասիջ» աշխարհազորայինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում:

Ըստ նրա, Իրանի դեմ պատերազմի անհնարինության ապացույցն այն է, որ Իրանում ներդրումների ոգևորությունն աճում է, քանի որ երկիրը շարունակում է տնտեսական առաջընթաց գրանցել՝ անկախ քաղաքական իրադարձություններից:

«Ներկայումս միջազգային քաղաքական իրավիճակի վրա Իրանի ունեցած անմիջական ազդեցությունը և այն փաստը, որ առանց Իրանի հնարավոր չէ ապահովել տարածաշրջանային անվտանգությունը, ցույց են տալիս, որ Իսլամական Հանրապետության մեկուսացման թշնամական ծրագրերն ավարտվել են անհաջողությամբ»,- հավելել է նա։

«Այսօր մեր թշնամիները՝ ամերիկացիները, սիոնիստները և որոշ եվրոպական երկրներ, մեկուսացման մեջ են։ Նրանք բարոյապես և քաղաքականապես այլասերվել են, և նրանց գործողությունները հակասում են իրենց խոսքերին», – հայտարարել է Իրանի ԻՀՊԿ հրամանատարը: