Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը

Համաձայն Իրանի սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի երկրի առաջին փոխնախագահը, մինչև ընտրությունների անցկացումը։

Reuters գործակալությունը հաղորդում է, որ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, որպես նախագահի պաշտոնակատար, կգլխավորի երեք անձից բաղկացած խորհուրդը, որի կազմի մեջ են մտնում նաև Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակը և դատական իշխանության ղեկավարը։ Խորհուրդը պետք է կազմակերպի նախագահական նոր ընտրություններ նախագահի մահվանից հետո 50 օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Ջուղա քաղաքում։

Ուղղաթիռում եղել են նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և մի քանի այլ ուղևորներ։

Նախագահ Ռաիսին վաղ առավոտյան Ատրպատականում մասնակցել է Իլհամ Ալիևի հետ Արաքս գետի ամբարտակի բացման արարողությանը։