Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռոմելա Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։ Այս մասին այսօր ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«2023-ին գրանցվել է քիմական թունավորումների 890 դեպք, այդ թվում ալկոհոլային, այլ կամ չճշտված նյութերից, դեղորայքից, թմրամիջոցներից, թունաքիմիկատներից, օճառներից, մաքրող միջոցներից, խոտաբույսերից թունավորման դեպքերն են»,- ասաց կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Համաճարակաբանը նշեց, որ փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը։
«Գժախոտը սպիտակ ծաղիկներ ունեցող բույս է, որի ծաղիկները բացվում են երեկոյան, լավ բույր ունեն, քաղցր են, սերմերը փշի տեսքով են։ Այդ քաղցրության հետևանքով է, որ փոքրերը ուտում են, նաև հյուրասիրում են իրենց հասակակիցներին։ Այն ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է երեխայի մեջ առաջացնել հալյուցինացիաներ, նյարդային համակարգի լուրջ բարդություններ»,-ասաց Աբովյանը։
Նա նաև հորդորեց ազգաբնակչությանը զգույշ լինել սննդում օգտագործելու նպատակով խոտաբույսեր հավաքելիս, ինչպես նաև պահպանել անվտանգության կանոնները թունաքիմիկատներն օգտագործելիս։

