Առաջնահերթ նշանակություն պետք է տալ Ռուբեն Վարդանյանի և բոլոր հայ բանտարկյալների ազատմանը. Աֆեյանը՝ «Ավրորա»-ի ժամանակ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը 2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության իր ուղերձում Հայաստանի կառավարությանը հորդորել է կարևորել «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի և բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը։ Նա նաև խոսել է շարունակվող տարածաշրջանային ու գլոբալ ճգնաժամերի պայմաններում «Ավրորայի» համաշխարհային ազդեցության մասին՝ միաժամանակ ընդգծելով անհատ-հերոսների նշանակալի դերն այդ մարտահրավերներին դիմակայելու գործում: Ներկայացվում է «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ Նուբար Աֆեյանի խոսքը որոշ կրճատումներով.

«Այստեղ գտնվողներից շատերը Ռուբեն Վարդանյանին ճանաչել են տասնամյակներով, և նրանք ճանաչում էին Ռուբենին՝ որպես այս նախագծի սիրտն ու հոգին: Մեզ և հայության՝ հատկապես Սփյուռքի համար շատ ցավալի էր տեսնել մեր եղբոր բանտարկումն իր համոզմունքների և մարդասիրական գործունեության համար: Ուզում եմ կոչ անել նախագահին և դեսպանին, Հայաստանի կառավարության մեր բոլոր գործընկերներին՝ առաջնահերթ նշանակություն տալ ոչ միայն Ռուբենին, այլև բոլոր մյուս հայ բանտարկյալներին ազատ արձակելու հարցին: Ես հասկանում եմ, թե ինչ իրավիճակում է Հայաստանի կառավարությունը, ըստ էության, շրջապատված հիմնականում թշնամական կառավարություններով, որոնք մշտապես ճնշում են: Այնուամենայնիվ, չնայած այդ տեսակ սպառնալիքներին, նրանք պետք է տեր կանգնեն ճշմարտությանը: Ի  վերջո, արդարության գնով խաղաղություն փնտրելը ոչ խաղաղություն է երաշխավորում, ոչ էլ արդարություն:

Ես ուզում եմ հետահայաց գնահատել մեր անցած ճանապարհը: Իսկապես, ինչպես այս երեկո դուք բազմիցս լսել եք, այս նախագծի հիմքում «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարն է: