Գիշերը Կիևը ենթարկվել է հրթիռակոծության, կան վիրավորներ
Այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաքի հրթիռակոծության հետևանքով 10 մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Տելեգրամ ալիքում։
Ըստ քաղաքապետի՝ տուժածներից 2-ին հոսպիտալացրել են։ Քաղաքի տարբեր թաղամասերում հրթիռների բեկորների ընկնելու հետևանքով այրվել է բնակելի շենքի մի բնակարան, վնասվել են ձեռնարկություն, մանկապարտեզ և մեքենաներ։
Տեղի բնակիչները հայտնել են քաղաքում լսվող պայթյունների մասին, աշխատել է ՀՕՊ համակարգը։ Ըստ քաղաքային իշխանությունների՝ գիշերը Կիևի երկնքում խոցվել է 30 հրթիռ։
BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ լույս մարտի 21-ի գիշերը հրթիռակոծության վտանգի պատճառով օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր մարզերում։

