Քաղաքականացված հարց է. «Զվարթնոց»-ում ծառայում է 3-4 ռուս սահմանապահ․ փորձագետ

Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Ստեփանյանը Sputnik Արմենիայի  մուլտիմեդիա կենտրոնում  մեկնաբանել է իրավիճակը «Զվարթնոցից» ռուս սահմանապահների դուսրբերման հետ կապված։

Նա իրավիճակը և թեմայի վերաբերյալ խոսակցությունները գնահատել է խիստ ուռճացված և արհեստական։

«Լուրջ չեմ համարում։ «Զվարթնոց» օդանավակայանում ծառայում են 3-4 ռուս սահմանապահներ։ Նրանք գործում են ՀՀ օրենսդրությամբ, ենթարկվում են հայկական հրամանատարությանը և առանց նրա թույլտվության ոչինչ չեն անում»,- ընդգծել է Ստեփանյանը։

Որպես անհիմն խոսակցությունների հաստատում՝ նա նշել է, որ ռուս սահմանապահների դուրսբերումը Գյումրու օդանավակայանից տեղեկատվական աղմուկով չի ուղեկցվել։

Գեներալը հիշեցրել է, որ 1992թ. ստորագրված պայմանագիրը ենթադրում է ռուս սահմանապահների փոխարինում հայ սահմանապահներով՝ ըստ հայկական կողմի պատրաստ լինելու։

Ստեփանյանի գնահատմամբ՝ սա քաղաքականացված հարց է. թեման ծառայում է Ռուսաստանի դեմ հայերին տրամադրելու փորձերին։ Ռուսաստանից բացասական արձագանք է գալիս, քանի որ այնտեղ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում։

Գեներալը միաժամանակ չի բացառել, որ վաղ թե ուշ իշխանությունները կցանկանան չեղյալ հայտարարել 1992 թվականի սեպտեմբերին ՌԴ-ի հետ կնքված պայմանագիրը, համաձայն որի ռուս սահմանապահները կանգնած են Թուրքիայի հետ 311 կմ-ոց սահմանին։

«Դա մեծ հիմարություն կլիներ Երևանի կողմից, շատ լուրջ խնդիրներ կստեղծի հայկական կողմի համար։ Եթե նման բան արվի, ապա կվերադառնանք 1992 թվական, բայց դա կլինի հենց մեր պատճառով, ոչ թե թուրքերի։ Ճիշտ կլինի, որ ՌԴ սահմանապահներին օգնեն մեր հայ սահմանապահները»,– ընդգծել է Ստեփանյանը։

Ըստ պայմանագրի` սահմանապահ ծառայություն իրականացնելու համար անձնակազմի 50 տոկոսը պետք է տրամադրի Հայաստանը։ Բայց գեներալն առաջարկում է հետաքրքրվել, թե իրականում քանի մարդ է այնտեղ ծառայում Հայաստանի կողմից։ Թիվ նա չնշեց, միայն ասաց, որ դա խայտառակ ցուցանիշ է։