Հարցվածների 58 տոկոսը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների խզումը չի համապատասխանում մեր շահերին
GALLUP-ը ներկայացրել է Հայաստանում անցկացրած հերթական հարցման արդյունքները, որն այս անգամ վերաբերել է ՀԱՊԿ-ի հետ խնդիրներին եւ Ֆրանսիայից սպառազինության մատակարարմանը։
Հարցումը կատարվել է փետրվարի 26-28-ը՝ հեռախոսով։ Հարցմանը մասնակցել է 1 100 մարդ։ Վրիպանքը կազմում է 3 տոկոս։
Հարցման մասնակիցների 42 տոկոսը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների լիակատար խզումը ընդհանրապես չի բխում Հայաստանի և հայ ժողովրդի ռազմավարական շահերից, 16.1 տոկոսը կարծում է, որ ավելի շուտ չի համապատասխանում Հայաստանի և հայ ժողովրդի շահերին, 23.2 տոկոսը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների լիակատար խզումը բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից, շուրջ 13.9 տոկոսը կարծում է, որ ավելի շուտ համապատասխանում է։
«Ստացվում է, որ հարցվածների 58 տոկոսը կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունների խզումը չի համապատասխանում մեր շահերին»,-ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
Համապատասխանո՞ւմ է արդյոք վարչապետի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու նախաձեռնությունը երկրի շահերին հարցին հարցվողների 23 տոկոսը պատասխանել է, որ միանշանակ համապատասխանում է, 13.9 տոկոսը կարծում է, որ ավելի շուտ համապատասխանում է, ավելի քան 16 տոկոսը կարծում է, որ ավելի շուտ չի համապատասխանում, ավելի քան 42 տոկոսը կարծում է, որ բնավ չի համապատասխանում։
Հարցին, թե պե՞տք է Հայաստանը մնա ՀԱՊԿ-ում, թե միանա ՆԱՏՕ-ին, ավելի քան 40 տոկոսը պատասխանել է, որ երկիրը պետք է չեզոքություն պահի և որևէ ռազմական դաշինքում չլինի, 28 տոկոսը կարծում է, որ պետք է մնալ ՀԱՊԿ-ում։
Հարցին, թե «ՀՀ իշխանությունը ձեռնարկում է բավարար քայլեր՝ ադրբեջանական բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական իշխանություններին հետ վերադարձնելու համար»՝ միանշանակ այո է պատասխանել հարցվածների 13.5 տոկոսը, 12.4 տոկոսը պատասխանել է ավելի շուտ այո, 15 տոկոսը կարծում է, որ ավելի շուտ ոչ և միանշանակ՝ ոչ պատասխանել է 44.5 տոկոսը։ Այսինքն, 59 տոկոսը կարծում է, որ ՀՀ իշխանությունները բավարարար ջանք չեն գործադրում այդ ուղղությամբ։
Մոտ 80 տոկոսը կարծում է, որ կարող է պատերազմ լինել։
Մոտ 56 տոկոսը Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության զարգացումը գնահատել է դրական, բացասաբար՝ միայն 4.7 տոկոսը։ 46 տոկոսը նախապատվությունը տվել է Ֆրանսիայից սպառազինություն գնելուն, 21,9 տոկոսը՝ ՌԴ-ից, 15.9 տոկոսը՝ Իրանից, այնուհետև ԱՄՆ-ից, Հնդկաստանից և Չինաստանից։
Մոտ 60 տոկոսը այս կամ այն կերպ ճիշտ չի համարել իշխանությունների որոշումը Արցախյան ազատագրական շարժման տարեդարձի միջոցառումներից հրաժարվելու մասին։
Հարցին, թե ընդունելի կլինի արդյոք գինը, եթե ԵՄ-ն որպես վիզային ռեժիմի ազատականացման պայման պահանջի դուրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, 23.5 տոկոսը նման գինը համարել է միանշանակ ընդունելի, 19 տոկոսը՝ ավելի շուտ ընդունելի, 15 տոկոսը՝ ավելի շուտ անընդունելի, 32.9 տոկոսը՝ միանշանակ անընդունելի։

